Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են կանխել Թուրքիայի ցանկացած գործողություն, և խոստացել է «վառել» նրան, ով կներխուժի երկիր՝ հայտնում է հունական Open հեռուստաալիքը:
«Մեկ շաբաթ առաջ գլխավոր շտաբի պետը մի շարք այլ զինծառայողների հետ պարաշյուտային թռիչք կատարեց՝ այդկերպ ուղերձ հղելով Թուրքիային: Ինչ վերաբերում է Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիվությանն, գեներալը որևէ կասկած չթողեց, թե ինչ պատասխան կտան երկրի զինված ուժերը, եթե Թուրքիան հանկարծ որոշի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը: Նրան, ով կհամարձակվի ոտքը հունական հողին դնել, նախ կվառենք, հետո նոր կհարցնենք՝ ով էր»՝ ասել է գեներալը: Գլխավոր շտաբի պետը ռազմական կոնֆլիկտի հավանականությունը չի բացառել, եթե Թուրքիան հատի կարմիր գծերը, և ենթադրել է, որ նման զարգացման դեպքում բախումը կընդարձակվի: «Եթե որևէ մեկը հարձակվի Հունաստանի զինված ուժերի վրա, շատ թանկ կվճարի: Էրդողանն անում է այն, ինչ ասում է, մենք էլ անում ենք այն, ինչ մենք ենք ասում», - հայտարարել է գեներալը:
Թուրքիայի և Հունաստանի հակասության առարկա է Էգեյան ծովում գտնվող Կաստելորիզո կղզին, որը Թուրքիայի ափից ընդամենը 2 կմ է հեռու, իսկ մայրցամաքային Հունաստանից՝ 570 կմ: Կղզին երկու երկրների միջև ծովային սահմանազատման և տնտեսական բացառիկ գոտու տարանջատման հարցում վեճերի է հանգեցրել: Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նման փոքր կղզին 40.000 քառ.կմ մակերեսով մայրցամաքային ծանծաղուտի տիրապետելու իրավունք չունի: