Աժ խորհրդի նիստ է կայացել, և որոշել են այսօր ժամը 13-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացրել են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Օրինագծով առաջարկվում է դադարեցնելՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն ՍԴ դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն: Նախագծի հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015-ի Սահմանադրության ոգուն: Նախագիծը գալիս է փոխարինելու հանրաքվեի դրված, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս 6 դատավորների լիազորությունները: