ՍԴ դատավորներին փոխարինելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը պետք է քննարկվի խորհրդարանում, հակասում է Սահմանադրության առաջին ու երրորդ հոդվածներին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգաավոր Իվետա Տոնոյանը։
«Սահմանադրական դատարանի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը։ Իսկապես ցավ եմ ապրում, որ հատկապես այսօր արտակարգ դրության պայմաններում, երբ իսկապես երկիրն օրհասական խնդրի առաջ է կանգնած, իշխանությունները, միևնույն է, շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել ՍԴ դատավորների նկտամամբ։ Սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից, հետո չեղարկումից, մինչև սահմանադրական փոփոխությունների այս նախագիծ, պարզապես գալիս են վկայելու այն մասին, որ իշխանությունները չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարան։ Սրանով պարզապես փորձ է արվում ունենալ ձեռնասուն Սահմանադրական դատարան։ Ես հասկանում եմ, որ միգուցե իշխանությունների սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, ով մեկ տարի շարունակ չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 մլն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից։ Միգուցե ուզում եմ վերջին անգամ զգոնության ու սթափության կոչ ուղղել իշխանություններին՝ իսկապես այսօր դրա ժամանակը չէ»,- ասաց նա։ Ըստ Իվետա Տոնոյանի՝ գործում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, աշխատում են խորհրդարանական ուժերը։
«Եթե կան արմատական փոփոխությունների անհարժեշտություն, մենք կարող ենք գնալ իրավական այս ճանապարհով, ոչ թե մեկը մյուսին հերթ չտալով խորհրդարան բերել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք իրավական անլիարժեքություն ունեն։ Այս փաստաթղթի հետ կապված ևս բազմաթիվ են դիտարկումները՝ սկսած այն հանգամանքից, որ այս նախագիծը հակասում է Սահմանադրության առաջին ու երրորդ մասերին և միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ»,- ասաց նա։