ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու գործում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներով և 2015-ի Սահմանադրության համապատասխան հոդվածների մեղմ կիրարկման միջոցով, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։
Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված գլխավոր քարտուղարի հայտարարությունում ասված է. «Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչև այդ ժամկետի ավարտը, իսկ այն դատավորները, որ արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչ փոխարինվելը, պետք է կարողանան օգտվել նոր անցումային ժամանակահատվածից, որի տևողությունը պետք է որոշեն հայաստանյան իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ անցումային նման ժամանակահատված չնախատեսող փոփոխությունները Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում են հայտնվել նույն օրը, ինչ ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։
Այսօր հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Հայաստանի իշխանությունների կողմից բարձրացված երեք իրավական հարցերի մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարմանը։ Ինչպես նշված է փաստաթղթում, հանձնաժողովը ճանաչում է Հայաստանի իշխանությունների ցանկության օրինականությունը` ապահովել, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկայիս Սահմանադրության դրույթներին, որոնք երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ և Սահմանադրական դատարանի դատավորների հավասար կարգավիճակ։ Հանձնաժողովը գտնում է, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների ընդունման և վերջնական կիրարկման միջև ընկած ժամանակահատվածը անսովոր երկար է և կհետաձգի դրական արդյունքների ստացումը, որոնք վերաբերում են ՍԴ անկախությանը։
Սակայն, միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ՍԴ կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ և անհապաղ փոփոխություններից խուսափելու համար: Նույն՝ աստիճանական փոփոխության սկզբունքը հարկ է կիրառել նաև ՍԴ նախագահի դեպքում։