Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխությունների օրինագիծը՝ 2020-ի ընտրություններում ընտրական համակարգը փոխելու վերաբերյալ։ Նիստը բոյկոտել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որը օրենսդիր մարմնում ներկայացված է վեց հոգանոց մեկ խմբակցությամբ: Քվեարկության համար գրանցվել է 142 պատգամավոր, կողմ է քվեարկել 136 պատգամավոր, դեմ՝ 5-ը: Փոփոխությունների նախագծի համաձայն՝ 2020-ի ընտրություններին խորհրդարանում 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական: Փոփոխությունները ենթադրում են նաև կուսակցությունների ընտրական շեմի իջեցում՝ 5%-ից մինչև 1%, իսկ բլոկների համար շեմը կկազմի այնքան տոկոս, որքան կուսակցություններ ընդգրկվեն ասոցիացիայում: Համաձայն փոփոխությունների՝ կուսակցությունը կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել, եթե հավաքի ձայների 40% -ը: