Արտերկրի բժիշկների հերթական խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը, նրանց թվում կլինեն նաև սփյուռքահայ բժիշկներ՝ պարետատան նիստից հետո լրագրողներին ասաց Ֆրանսիայից ժամանակ բժիշկների խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
«Այս անգամ այս առաքելության թիմում ներգրավված կլինեն նաև սփյուռքից մեծ քանակությամբ մասնակիցներ։ Նրանք շատ ուրախ կլինեն այստեղ օգնություն ցուցաբերել»,- ասաց նա։ Ալեքսանդր Մինյոնը նշեց, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար միջոցն է այս հիվանդության դեմ պայքարի համար։ «100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ն անպայման կգտնվի վերակենդանացման բաժանմունքում, և որոնցից 2-ն անպայման կմահանան։ Այդպես է դինամիկան։ Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց ես հանդիպեցի, իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց աշխատում են գիշեր ու ցերեկ»,- ասաց նա։