Ռուսաստանն ըմբռնումով է վերաբերվում, որ մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, չեն կարող մեկնել Մոսկվա՝ վաղը կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատնից հայտնել էին, որ նախագահ Միլանովիչը չի ժամանի Մոսկվա, քանի որ նրա օդանավն անսարք է:
«Մենք, անկասկած, ըմբռնումով ենք վերաբերվում մի շարք պետությունների ղեկավարների և կառավարությունների հաղորդագրություններին, որ նրանք կցանկանային ժամանել և նախկինում էլ հաստատել էին միջոցառումներին մասնակցության պատրաստակամությունը, սակայն տարբեր պատճառներով չեն կարող գալ, միևնույն ժամանակ պատճառներն, անկասկած, հիմնականում կապված են սահմանափակումների հետ, որոնք որոշ երկրներում դեռևս գործում են», - ասել է Պեսկովը լրագրողներին։