Մարտից մենք կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք և ապրիլն ամբողջությամբ անցկացրեցինք արգելափակման տրամաբանության մեջ և ամենակարևոր պրոբլեմը, որ այդ ընթացքում ունեցանք՝ կապված էր մեր տնտեսության հետ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է և, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ: Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ եկանք եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգեմնտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլև տնտեսական փլուզում ու որոշեցինք գնալ այսպիսի ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, որ եթեր է մտել, որ ասի՝ այդ մոտեցումն ըստ էության հիմնավորում է իր ճշմարտությունը: «Ամեն ամսվա 20-ին ՊԵԿ է ներկայացվում նախորդ ամսվա եկամտային հաշվետվությունները: Այսօր առավոտվանից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա, մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոկդաունի քաղաքականությունը չշարունակել, 50 094 աշխատատեղ վերականգնվեց, ընդ որում ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին»,- նշեց նա: Վարչապետի խոսքով՝ աշխատատեղերի վերականգնման պրոցեսը շարունակում է, և դա վերջին շրջանի ամենակարևոր լուրն է: «Սա չի նշանակում, որ մենք տնտեսական բարդությունը հաղթահարել ենք: Իմ ուղերձի ամնակարևոր հատվածն այն է, երբ դեռ վարչապետի կեցավայրից էի բրիֆինգներ անում, ասում էի, որ մենք քայլում ենք և քայլելու ենք դժոխքի միջով, և այն նկատի ունեի, որ ամենօյա ռեժիմով կորոնավիրուսից մահվան դեպքեր ենք ունենում, բայց այսօրվա տնտեսական ցուցանիշները, որ իրենց լավատեսությքամբ ինձ համար շատ անսպասելի են՚: Վարչապետն ընդգծեց՝ այս վիճակագրությունը չի կարող կասկածելի համարվել մի պարզ պատճառով՝ ձևավորվում է գործատուների ներկայացրած հաշվետվությունների արդյունքում:
«Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ մենք պետք մաքսիմալը անենք լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար, որովհետև առողջապահական առումով մենք թվերի որոշակի նվազում ունենում ենք, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինել, որ մենք չկարողանանք տասնամյակով նույնիսկ վերականգնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լոքդաունին չվերադառնալու համար անհրաժեշտ է հետևել հակահամաճարակային կանոներին:
«Եթե հանկարծ թվերն այնքան մեծանան, որ մենք ստիպված լինենք լոքդաունի գնալ, կկորցնենք գուցե ոչ թե 71 000, այլ 150 000 աշխատատեղ, և այս պարագայում վերականգնումը գուցե կամ արագ չլինի, կամ ընդհանրապես հնարավոր չլինի»,-ասաց Փաշինյանը: