Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 260 000-ը, մահերինը՝ 477 000-ը, բուժվել է 4 630 000 մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալները:
ԱՄՆ-ում օրվա կտրվածքով նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում Տեքսասում, Արիզոնայում և Նևադայում: Երեկ Արիզոնայում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներ անցկացնում: ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը շարունակվում է, և իշխանություններն առաջիկա երկու շաբաթում պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ կանխելու համար COVID-19-ի նոր բռնկումը:
Բրազիլիան շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն` գրանցվել է վարակի 1,1 միլիոն դեպք, մահացել է 52 000 մարդ: Բրազիլիայում դատարանը նախագահին պարտավորեցրել է դիմակ կրել հանրային վայրերում: Իսրայելում վարակակիրների թիվն աճում է: Վերջին մեկ օրում երկրում վարակի 459 նոր դեպք է արձանագրվել, որոշ շրջաններում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում:
Լոկալ կարանտինային վայրեր կան Գերմանիայում՝ մսամթերքի գործարանում
բռնկման պատճառով, որտեղ 1300 աշխատող է հիվանդացել:
Ուկրաինայում վարակվածների թիվն աճում է՝ մեկ օրում գրանցվել է 833 նոր դեպք:
Սաուդյան Արաբիան համաճարակի հետ կապված մինչև տարեվերջ չեղյալ է հայտարարել օտարերկրացիների համար ուխտագնացությունները:
Հյուսիսային Եվրոպայի երկրները բացում են սահմանները, բայց սահմանափակում Շվեդիայի քաղաքացիների մուտքը:
ԵՄ-ն, որը նախատեսում է հուլիսի 1-ից բացել արտաքին սահմանները, չի ընդունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի քաղաքացիներին:
Ռուսաստանում պաշտոնապես հայտնաբերված COVID-19-ի նոր դեպքերը և մահվան դեպքերը կայուն նվազում են: Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ հեռուստաուղերձով դիմել է ռուսաստանցիներին և հորդորել կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք նրան մինչև 2036-ը երկիրը ղեկավարելու հնարավորություն են տալիս: Պուտինը 10-հազարական ռուբլի է խոստացել մինչև 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար, խոստացել է «հարկեր հարուստների համար». ստացված գումարները, ըստ նրա, կուղղվեն երեխաների բուժմանը: Ռուսաստանի նախագահը խոստացել է նվազեցնել հարկերը ՏՏ ընկերությունների համար ու հավելյալ վճարումներ կատարել COVID-19-ով հիվանդների հետ աշխատող բժիշկներին նաև հուլիս և օգոստոս ամիսներին: