Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահամանադրական փոփոխություններ ընդունեց, հետո օրենքը չուղարկեց ՍԴ՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԺ ԼՀԿժ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կատարվածը որակելով ասպատակություն ՍԴ-ի վրա: Ասուլիսին ներկա պատգամավոր Տարոն Սիմոնյանն հավելեց, որ փոփոխությունների ընդունման գործընթացում մի շարք ակնառու խախտումներ են տեղի ունեցել, որոնք պետք է դառնան քննարկման առարկա: «Խախտվել է Սահմանադրության 165-րդ հոդվածի երկրորդ մասը: Մյուս կարևորագույն խախտումն այն է, որ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ՝ իշխանական խմբակցությունն, իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի իրավունքն ի չիք է դարձրել, ինչը ևս Սահմանադրության խախտում է», - նշեց իրավաբան պատգամավորը ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների մեկ հինգերորդին դիմել ՍԴ, և այդպիսի մի քանի հիմքեր կան՝ նշեց Տարոն Սիմոնյանը: «Հիմքերից մեկը ԱԺ որոշումների վիճարկումն է, մյուս հիմքը սահմանադրական մարմիննների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Սա նշանակում է՝ արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե ոչ: Այստեղ է վեճի էությունը: Այս պահանջների վրա էլ մենք պետք է առաջ գնանք: Եթե մեր քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները կամ հասարակության շրջանում ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում», - շեշտեց նա: Տարոն Սիմոնյանը նաև նկատեց՝ եթե որևէ ուժ իրավունքի գերակայությունը ոտնակոխ է անում, բումերանգի էֆեկտով հետ է գալիս իրեն: