Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի աճի տեմպերին՝ ասելով, թե նախկինում գիտեին, որ վարակակիրների թիվը հնարավոր է 60-100 000 լինի։ Վարչապետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե նոր ախտորոշումները որքան են իրենց իմացած թվի շրջանակներում և որքան է աճում այդ թիվը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ավելի քիչ վարակակիր ունենք հարյուր հազարից, իսկ ակտիվ վարակակիրների թիվը դժվար է հաշվել:
«Երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի տարածվածությունը շատ չի աճում, իսկ որքան տարիքը բարձրանում է, այնքան տարածման տեմպը աճում է», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ Վանաձորում երկու շաբաթում աճել էր տեմպը, իսկ Երևանը, կարծես, դարձել է մեծ օջախ, թեև մեծ բռնկումներ վերջին շրջանում չկան: «Կարելի է ասել՝ վարակը ամենուր է և կանոնները պահելով՝ պետք է պաշտպանվենք դրանից», - ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ երեկ հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ և արձանագրել են, որ երեք կանոնի պահպանումը՝ դիմակ դնելը, ձեռքերն ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահելը, աշխարհում ցույց է տվել իր արդյունավետությունը: