ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Ասում եք՝ քաղաքական հետապնդում։ Որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ։ Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գալիս։ Առավոտից իրիկուն ճամարտակում եք հակակշիռների և փոխզսպումների մասին, հակակշիռն ու փոխզսպումը չորս ակնանի տրակտո՞ր ա, թե հեծանիվ ա։ Այստեղ կա ուրիշ պրոբլեմ՝ պետք ա հասկանանք էդ դատավորներն ովքե՞ր են»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ դսատական համակարգի նկատմամբ ապօրինի ազդեցություններից հրաժարվում է իշխանությունը, բայց դա չի նշանակում, որ այդ հին ազդեցության համակարգերը պետք է շարունակեն գործել։ «Ոչ, չեն գործելու, թող դրսևորվեն, և ցույց տանք, թե ով ով ա։ Ինչո՞ւ մինչև հիմա դատարանների հարցը լուծված չէ, մի պարզ պատճառով՝ մենք չենք ուզեցել ու չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխել խամաճիկային նոր համակարգով։ Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան։ Այն դատավորը, որ իր համոզմունքով ու խղճով և առանց կողմնակի ազդեցությունների, առանց հին կոռուպցիոն կապերի ու առանց հին կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, այդ դատավորը մեր գլխի վրա տեղ ունի։ Նա մեր պետության հենասյունն է, և ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք էն մյուսներին դուրս շպրտելու համար դատական համակարգից»,- ասաց Փաշինյանը։