Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական վանական համալիրի պահպանման հարցը:
Նա նշել է, որ Վանի Գյուլփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող 16-րդ դարի Սուրբ Մարինոս վանքը գանձախույզները տարիներ շարունակ ավերել են ու անմխիթար վիճակում է: Փայլանը հարցադիմում է ուղղել տուրիզմի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ ուշադրություն հրավիրելով, որ Վանի շրջակայքի պատմամշակութային կառույցները տուժել են գանձախուզական աշխատանքների և իշխանությունների անգործության հետևանքով: Պատգամավորը թուրք նախարարից պատասխան է ակնկալել, թե օրինակա՞ն գործընթաց սկսվել է գանձեր գտնելու նպատակով Սուրբ Մարինոս վանքում և շրջակայքում փորվածքներ արած անձանց հայտնաբերման համար: Փայլանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ նախարարությունը չի զբաղվում Վանում և մերձակայքում քրիստոնյաներին պատկանող պատմական կառույցների պահպանությամբ:
«Արդյո՞ք Սուրբ Մարինոս վանքի վերականգնման համար աշխատանք տարվելու է: Արդյո՞ք կատարվել է Վան նահանգում հայերի կառուցած վանքերի, եկեղեցիների և մշակութային կոթողների գույքագրում: Հայերին պատկանող մշակութային հետքերի վերացումը ցայսօր պետական քաղաքականություն է եղել: Մտադի՞ր եք փոխել այդ մոտեցումը», - ասված է Գարո Փայլանի հայցադիմումի մեջ: