Սահմանադրական փոփոխությունների համար ձևավորված «Այո»-ի շտաբի քարոզարշավի համար հիմնադրամին 70 մլն դրամի նվիրատվություն էր իրականացվել, որի 90%֊ը ծախսվել է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այո» քարոզարշավի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։
Վահագն Հովակիմյանը ասաց, որ 70 մլն դրամի 90 տոկոսը ծախսվել է, քանի որ քարոզարշավի սկզբում աշխատանքները վերսկսելու համար պայմանագիր է կնքվել որոշ ծառայությունների մատուցման համար: «Քարոզչության իրականացման համար 800 000 տպաքանակ անձնագիր է տպագրվել, որից 450 000 բաժանվել է ռադիոընկերություններին:
Հեռուստաընկերություններին ևս պետք է վճարեն հեռարձակված քարոզարշավի հոլովակների գումարը, քանի որ պայմանագիրը նախապես կնքվել է և ընկերություններն իրենց ծառայություններն իրականացրել են, սակայն համաճարակով պայմանավորված քարոզարշավն ամբողջությամբ չի իրականացվել» ֊ասաց նա։ ՔՊ-ի դրամահավաք- երեկոյի ժամանակ հավաքվել էր 205 միլիոն դրամ: Սակայն համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցեր 100 մլն դրամը։
Ավելի ուշ,մարտի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից «Հետքին» հայտնել էին, որ «ԱՅՈ» քարոզչության կողմի հիմնադրամին կատարվել է 70 մլն դրամի նվիրատվություն։
Ստացվում է,որ հավաքվել էր 205 մլն դրամ, սակայն օրենքով սահմանված կարգով քարոզչության համար նվիրատվությունը չպիտի գերազանցեր 100մլն դրամը, այսինքն 105 մլն դրամ ավելի գումար էր հավաքվել։ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5-ին, սակայն արտակարգ դրության պատճառով չիրականացվեց։