Չինաստանի խորհրդարանում սկսվել են հատուկ վարչական շրջանի կարգավիճակ ունեցող Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովմանը միտված վիճահարույց օրինագծի քննարկումները։ «Սինխուա» գործակալության տեղեկություններով` պատգամավորները օրինագիծը կհաստատեն մինչև հունիսի 30-ը։ Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման օրինագծի համաձայն` ընդլայնվում են Պեկինի՝ հատուկ վարչական շրջանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունները։ Բացի այդ, օրենսդրական այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս Հոնկոնգի տարածքում հատուկ վարչական մարմին ստեղծել, որն ուղղակիորեն կենթարկվի Չինաստանի կենտրոնական իշխանություններին։ Մեծ Բրիտանիան, որի ենթակայության տակ էր գտնվում Հոնկոնգը մինչև 1997-ը, արդեն իսկ հայտարարել է, որ նախագիծը հակասում է 1980-ականներին «Մեկ պետություն, երկու համակարգ» սկզբունքի հիման վրա Պեկինի և Լոնդոնի միջև կնքված համաձայնագրի ոգուն։ Այդ պայմանագիրը ապահովում էր Հոնկոնգի ներքին ինքնավարությունը՝ բացառելով Պեկինի անհարկի միջամտությունը վարչական շրջանի գործերին։