Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային զորավարժություններ են անցկացրել շփման գծում՝հայտնել է երկրի ՊՆ-ն: «Զորավարժությունների շրջանակներում ստորաբաժանումները տարատեսակ մարտական առաջադրանքներ են կատարել գիշերային ժամերին՝ տարբեր զենքերից կրակոցներ արձակելով ոչնչացրել են պայմանական հակառակորդին», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Ադրբեջանի ՊՆ հունիսին հայտնել էր լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին, որին մասնակցել են 800 զինծառայող, ներգրավված է եղել նաև 100 միավոր հակատանկային տեխնիկա, տասնյակ հրետանային համակարգեր, ուղևորատար ուղղաթիռներ:
Հունիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը հատուկ զեկույցում շեշտել էր, որ ԱՄՆ-ը անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով չափի և նշանակության մասին: «Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», - փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։