Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արմեն Սարգսյան. Եթե ունենայի իրավունք՝ գույքահարկին առնչվող օրենքը հետ ուղարկել ԱԺ, կանեի

Արմեն Սարգսյան. Եթե ունենայի իրավունք՝ գույքահարկին առնչվող օրենքը հետ ուղարկել ԱԺ, կանեի
09.07.2020 | 21:09

Հարկային օրենքները շատ զգայուն են, և ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի, անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի և զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որևէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն», - նախագահի աշխատակազմի փոխանցմամբ ասել է Արմեն Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ օրենքներն ունեն նաև սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաև շատ այլ խնդիրների մասին: Օրինակ՝ եթե Երևանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը և տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը և, ընդհանրապես, Երևան քաղաքի և մեր ժողովրդի պատմության մի կտորը:


Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաև մշակույթ և միջավայր:
Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը և կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:


Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել ևս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, կդնեի», - ասել է նա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ