«Եթե Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցները խախտում են մեր օրենքները և մարդկանց տարատեսակ մայդանների մասնակցելու կոչեր են հնչեցնում, արտաքսեք»՝ խորհրդակցության ժամանակ, դիմելով ենթականերին, հրահանգել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա քննադատության թիրախում են հայտնվել այն գերատեսչությունները, որոնք թույլատրել են օտարերկրյա լրատվամիջոցներին անարգել գործել երկրի տարածքում։ «Կառավարությունում, ԱԳՆ-ում բոլորը նստած սպասում են նախագահի հրահանգին։ Այդ նույն ժամանակ BBC-ն, «Ազատությունը», «Ազատ Եվրոպան» ուղիղ հեռարձակումներ են կազմակերպում։ Դրանք ոչ միայն կողմնակալ են, այդ լրատվամիջոցները զանգվածային անկարգությունների կոչեր են հնչեցնում։ Ինչո՞ւ եք դուք հանդուրժում, չէ՞ որ դուք եք նրանց հավատարմագրել [Բելառուսի տարածքում]», - նշել է Լուկաշենկոն։ Նա խիստ քննադատության է ենթարկել նաև ռուսական մի շարք լրատվամիջոցների՝ մասնավորապես «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականի բելառուսական տարբերակը։ Լուկաշենկոյի պնդմամբ՝ թերթը կողմնապահ է լուսաբանում նախընտրական արշավը։