Լայն առումով մեկնաբանելու որևէ բան չկա, քանի որ մենք տեղյակ չենք եղել պարոն Բագրատյանի այդ ցանկության մասին և որևէ կերպ նա խմբակցությանը տեղյակ չի պահել իր մտադրությունների մասին՝ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու գրությանը։
«Մենք մամուլից ենք տեղեկացել։ Չեմ կարող ասել, թե պարոն Բագրատյանի որոշման հիմքում ինչ դրդապատճառներ կամ շարժառիթներ են եղել և ֆիզիկական հնարավորություն էլ չկա իր հետ խոսելու, որովհետև պարոն Բագրատյանը խորապես անհասանելի է»,- ասել է Իվետա Տոնոյանը։
Հարցին՝ չեք էլ ենթադրում, թե ինչը կարող է պատճառ լինել նման որոշման, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Չեմ կարող հիմա ենթադրություններ կամ վարկածներ բարձրաձայնել, թե հատկապես ինչու է պարոն Բագրատյանը նման որոշում կայացրել։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի, որ պարոն Բագրատյանը ինքն անձամբ խոսի իր որոշման շարժառիթների մասին»։