Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ լարված են․ պատճառը Թուրքիայի նոր սադրանքներն են։ Թուրքիան շարունակում է տարբեր պատրվակներով ոտնձգություններ իրականացնել Հունաստանի տարածքների նկատմամբ՝ խախտելով ինքնիշխանության իրավունքը։
Հուլիսի 21-ին թուրքական կողմը հայտարարել էր «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ հունական Մեիս կղզու հարավային և արևելյան հատվածներում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու մտադրության մասին։ Հունաստանի ԱԳՆ-ն անմիջապես հանդես է եկել Թուրքիայի այդ մտադրությունը դատապարտող հայտարարությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հակադարձել է՝ փորձելով արդարացնել իր քայլերը իբր միջազգային իրավունքով նախատեսված նորմերով։ Հունաստանը հաստատակամ է տրամադրված Թուրքիայի նմանատիպ ոտնձգությունները կանխելու առումով և հայտարարել է, որ եթե Թուրքիան հետքայլ չկատարի, ԵՄ-ն պարտավոր է խիստ պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ։