COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում անցել է 15 միլիոնը, համաճարակի սկզբից մահացել է 633 000 մարդ, ապաքինվել է 8,8 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Կորոնավիրուսից ամենատուժած երկրներից է ԱՄՆ-ը՝ վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը, 144 000 մարդ մահացել է: Մի քանի նահանգներում ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվում: Թեև մահվան դեպքերը շարունակում են ավելանալ, աճն այժմ ավելի քիչ է, քան ապրիլին էր, երբ օրական միջինը 2 000 մարդ էր մահանում: ԱՄՆ նախագահը չեղարկել է Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության հավաքը: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիմա ժամանակը չէ «մեծ, մարդաշատ հանդիպում» անցկացնելու:
Նա ասել է՝ միջոցառումները կանցկացվեն առցանց, և որոշ պատվիրակներ կարող են հավաքվել օգոստոսի 24-ին Հյուսիսային Կարոլինայում:
Ֆրանսիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակի դեպքերի թվի աճ է նկատվում, այսօր տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, որը վարելու է նախագահ Էմանյուել Մակրոնը: Իշխանությունները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի նոր միջոցներ: