«Փաստի» տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ սահմանադրական փոփոխությունների մասով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունները նախատեսում են մի շարք առանցքային փոփոխություններ, որոնցից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»: Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական Եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը հիմքեր կստեղծի հետագայում համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ անել, որ հավասարեցվի ՀՀ-ում գործող մյուս կրոնական միավորների հետ, նվազեցվեն եկեղեցու՝ այսօր ունեցած լայն լիազորությունները, գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հստակեցումներ մտցվեն։
Էական փոփոխություններ են նախատեսվում դատաիրավական համակարգում, որոնց կանդրադառնանք առանձին։ Կա առաջարկ թեթև «շտկումներ» իրականացնել սուպերվարչապետական համակարգում, որն ավելի շատ ունենալու է ձևակերպումային, քան բովանդակային բնույթ։ Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, նման կոսմետիկ փոփոխությունները թույլ կտան թուլացնել «Սերժի կոստյումը» սեփական հագով հարմարեցնելու քննադատությունները»,-գրում է թերթը: