«Ադրբեջանի ղեկավարությունը խեղաթյուրված է մեկնաբանում բանակցային գործընթացի էությունը»՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը: «Պարզապես ներկայացնեմ փաստեր: Հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զորքերը սադրանք էին հրահրել հայ-ադրբեջանական սահմանին: Դրան հաջորդել է բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ինտենսիվ հրետակոծումը: Եվ փաստարկները, թե ժամանակակից բանակը հարձակում կգործեր «ՈՒԱԶ»-ով, թե ոչ, տեղին չեն, քանի որ ադրբեջանական բանակը դժվար է համարել ժամանակակից», - նշել է ԱԳՆ խոսնակը: Նա ասել է, որ նույնքան անընդունելի են հայկական կողմի գործողությունների ապօրինության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնական շրջանակներում: «Հայաստանը ամենավճռական կերպով պաշտպանել և պաշտպանելու է իր պաշտպանական գծերը ու իր քաղաքացիների անվտանգությունը», - ընդգծել է Նաղդալյանը:
Այն, ինչի մասին իսկապես արժե մտածել ապօրինության համատեքստում, ըստ ԱԳՆ խոսնակի, Մեծամորի հայկական ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքներն են: «Նման հայտարարությունները մեզ համար համազոր են զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և միջուկային ահաբեկչության սպառնալիքին, որ սպառնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին և առաջին հերթին՝ հենց ադրբեջանցիներին: Գիտակցելով իրավիճակի պայթյունավտանգությունը՝ Ադրբեջանի պաշտոնատար անձինք սկսեցին իրար հետ մրցակցելով պնդել, որ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունները չեն արտահայտում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կամ սա վատ քողարկված սուտ է, կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի վերահսկում իր ենթակաների գործողություններն ու հայտարարությունները, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն ծայրահեղականներից կազմված խմբակ է», - ասել է նա։
Աննա Նաղդալյանն ընդգծել է. «Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի որևէ համատեքստում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից: Ուժի դիրքից մեզ հետ խոսելու փորձերն աշխատում են հենց դրանք նախաձեռնողների դեմ: Հանձնառու լինելով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միևնույն ժամանակ մենք գործնականում ի ցույց դրեցինք Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի անխոցելիությունը: Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում՝ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում և նրանց մշտական տեղակայում, ուղիղ կապ և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդնում: Այդ մեխանիզմների կյանքի կոչումը կարող է նպաստել խուսափելու լարվածության աճի հետագա վերսկսումից: Այդ առումով Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ և քայլեր ձեռնարկի նշյալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, որոնց խիստ անհրաժեշտությունը ընդգծվեց այս ռազմական էսկալացիայի ֆոնին»:
Նաղդալյանը նշել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը, և ոչ մի փոփոխություն այդ ձևաչափում չի կարող լինել, «այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ որպես միջնորդ հանդես են գալիս համանախագահող երկրները՝ ՌԴ-ն Ֆրանսիան և ԱՄՆ-ը»:
«Ադրբեջանական ղեկավարությունը շատ խեղաթյուրված է ներկայացնում բանակցային գործընթացի, Մինսկի խմբի էությունը: Նրանց պատկերացմամբ բանակցային գործընթացի էությունն ապահովելն է Արցախի միացումն Ադրբեջանին, բնականաբար, առանց հաշվի առնելու հենց Արցախի ժողովրդի կարծիքը: Եվ քանի որ դա տեղի չի ունենում, ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է արտահայտում բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի առնչությամբ: Սակայն խնդիրը համանախագահների մեջ չէ, այլ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման, փոխզիջում փնտրելու և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու չկամության մեջ է: Խաղաղ կարգավորումը պետք է լինի համապարփակ և ձեռք բերված հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավման միջոցով: Արցախն իր՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով պետք է ներկայանա որպես անմիջական կողմ բանակցային գործընթացում, որի շրջանակներում և որոշվելու է նրանց հետագա ճակատագիրը», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը: