Մոսկվայում հայերի շրջանում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա՝ Tert.am-ին ասել է Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, այս գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները համեմատաբար քիչ են եղել: «Գիշերը ժամը 2-ին Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել և հայ տղաներից մեկը հրազենային վնասվածք ունի ոտքին: Միայն այս դեպքի մասին գիտեմ, մյուսների հետ հետո չհաջողվեց կապ հաստատել»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա ասաց, որ երեկ Մոսկվայում պատկան մարմինների, իրավապահների և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ են հանդիպում ունեցել: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ապահովեն մեր հայրենակիցների անվտանգությունը: «Մեր մյուս քայլերից մեկն էլ այն է, որպեսզի հնարավորինս շուտ կանխենք և հանդարտեցնենք այս կոնֆլիկտը: Մոսկվայում իրավապահները հորդորում են չտրվել սադրանքներին, քանի որ իրենք ժամանակ չեն կորցնելու՝ հասկանալու համար, թե ով է սկսել և ով է մեղավոր, ու լինելու են մասսայական ձերբակալություններ: Դրանից հետո սկսել են իրավապահներն իրենց գործողությունները, և նույնիսկ կասկածի դեպքում ձերբակալել են, անգամ տներն են մտել, թե հայերի, թե ադրբեջանցիների»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, այս պահին մեկ հոգի հիվանդանոցում է։