The Guardian-ն անդրադարձել է Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ ազգությամբ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հայկական ապրանքներով բեռնված ֆուռերի դուրս հանման աղմկահարույց դեպքին:
Պարբերականը գրում է, որ տեղեկանալով «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարության որոշման մասին՝ հայազգի գործարար Սարիբեկ Գևորգյանն անմիջապես գործի է անցել՝ ժամանակավորապես անվճար տարածք տրամադրելով հայկական ծիրան վաճառողներին: «Այսպիսով՝ նա օգնեց իրականացնել մրգի փրկության առաքելությունը, որը ստացավ «Օպերացիա Ծիրան» անվանումը: Մոսկովյան զարգացումներին նախորդել էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, որոնք դարձել են 17 մարդու մահվան պատճառ:
«Հետցնցումները տարածվել են աշխարհով մեկ՝ ուժգին բախումներ առաջացնելով ԱՄՆ-ում, Եվրոպայում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների միջև, փոքրամասշտաբ տնտեսական պատերազմի պատճառ դառնալով Մոսկվայում»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով մեքենայի վրա հարձակումն ու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ հարձակումը: Վերադառնալով ծիրանի թեմային՝ թերթը նշում է, որ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ առցանց հարթակներում հազարավոր հետևորդների կոչ են արել գնել ծիրանը, որ մթերքը չփչանա: «Այս ամենն ակամայից վերածվեց ծիրանի էքսպրոմտ տոնակատարության: Եվ չնայած, որ ծիրանի պատերազմն ավարտվել է, այժմ տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու խանութները արգելում են հայկական արտադրանքի վաճառքը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԲԿ-ի հետ զրույցում ահազանգել է, որ հայկական պահածոները, հանքային ջրերն ու կոնյակն անհետացել են ադրբեջանցի գործարարներից մեկին պատկանող մոսկովյան խոշոր սուպերմարկետային ցանցերից մեկից»,-գրում է պարբերականը և հավելում, որ թեև երկու պետությունները հաճախ են ընդհարվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի սահմանին, սակայն հազվադեպ է պատահում, որ կոնֆլիկտը տարածվի նաև Մոսկվայի առևտրային ոլորտում: «Նույնիսկ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այսպիսի տրամադրություններ չկային: Սա տնտեսական պատերազմ է. նախկինում երբևէ նման բան չի եղել»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանի տնօրենը: