Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որով դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես պարետի լիազորությունները և Լեռնային Ղարաբաղի պարետ է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պարետի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկայում ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանին Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու:
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ գերազանց աշխատանքի համար և նշել, որ Ժիրայր Միրզոյանի նշանակումը պարետ պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Արցախի նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ: Առաջիկայում պարետի որոշումներով նոր սահմանափակումներ կլինեն սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար: