ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են արել Թուրքիային ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, որ 1000-րդ օրն է բանտում՝ 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու և լրտեսելու մեղադրանքներով։ «Հորդորում ենք Թուրքիային հարգել իր հանձնառություններն ու արդարացի, թափանցիկ ու արագ հանգուցալուծում տալ գործին», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ փաստելով, որ Քավալան մինչ օրս ճաղերի ետևում է առանց դատարանի որոշման։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողը հայտարարել է․«Քավալայի գործը լակմուսյան թուղթ է, որը ցույց կտա, թե որքանով է Թուրքիան անկեղծ մարդու իրավունքների պաշտպանության հայտարարություններում»։ Անկարան հակադարձել է՝ «որևէ երկիր կամ որևէ անձ չի կարող հրահանգներ տալ Թուրքիայի դատարաններին»։ 63-ամյա Քավալան հերքում է մեղադրանքները: Նա տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։ Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։