Հուլիսի 28-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՊՆ նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը:
Դավիթ Տոնոյանը կիսվել է Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման: Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, ՀՀ և ՌԴ տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը: