Հայաստանը քննարկում է օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացման հարցը՝ պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հակահամաճարակաբանական պատկերն առաջիկայում», - ասաց նա։ Ավինյանը նշեց, որ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան։
«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում», - ասաց ՀՀ փոխվարչապետը։
Նա նշեց, որ քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը։ Միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը սահմանափակումների սպասվող մեղմացումների առումով տարբեր է լինելու։ «Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը ու պահպանել ներկայումս ձեռքբերված կայուն, բայց փխրուն իրավիճակը», - ասաց Ավինյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։ Նա կոչ արեց հանգստանալ Հայաստանում: