Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են, «Интерфакс»-ին հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Համանախագահների աշխատանքը կասկածի տակ առնելու ցանկացած փորձ, որն, ի թիվս այլ բաների, էական զսպող գործոն է էսկալացիայի առումով, ինչպես նաև առկա ձևաչափի վրա ճնշում գործադրելն, անընդունելի է», - ասել է Մնացականյանը: Ըստ նրա՝ «տարիների ընթացքում մշակվել է մի ամբողջ մեխանիզմ, տարբեր կարգավուումների և մոտեցումների մի ամբողջ համակարգ, որոնք ապահովում են այն շրջանակը, որտեղ հնարավոր է մշակել փոխզիջում, շոշափելի և իրական փոխզիջում»: «Այս իմաստով մենք շարունակում ենք և շարունակելու ենք աջակցել այս միջնորդական ձևաչափին», - նշել է Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով՝ ՌԴ-ի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը «շատ արդյունավետ էին, դա դրսևորվել է ինչպես հուլիսյան իրադարձությունների ժամանակ, այնպես էլ՝ դրանցից առաջ»: «Համոզված եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այդ գործընթացի նկատմամբ Ռուսաստանի լրջությունը և այն կարևոր ներդրումը, որ Ռուսաստանն ապահովում է մյուս համանախագահների հետ խաղաղ կարգավորման գործընթացում», - ասել է ԱԳ նախարարը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումներին՝ նախարարը նշել է, որ դա համարում է փորձ՝ «ուժ գործադրելով և ռազմական գործողություններով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու առումով»: «Հայաստանը վճռականորեն մերժել է այս ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»՝ ասել է նախարարը: Նա համաձայն չէ որոշ փորձագետների կարծիքի հետ, թե Հայաստանի համար շահավետ չէ հակամարտության կարգավորման ուղիներ որոնելը:
«Եվ Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության գալով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: