Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հայտարարել է, որ «Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերը Միջերկրական ծովում անարդար են, Թուրքիային փորձում են սահմանափակել»: Էրդողանը մի շարք երկրների կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի ռեսուրսների «յուրացումն» անվանել է «ժամանակակից գաղութատիրության» օրինակ: «780000 քառակուսի կիլոմետր տարածքով Թուրքիային Միջերկրական ծովում փորձում են սեղմել 10 քառակուսի կմ տարածքում` լայն ծովային գոտին բռնագրավելու միջոցով: Մի՞թե սա անարդարություն և ապօրինություն չէ»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով` «Անկարան Միջերկրական ծովի արևելքում և Էգեյան ծովում պահանջում է այն, ինչ իրեն է պատկանում»: «Անկարան հոգնել է տարածաշրջանում կուլիսների հետևում տարվող խաղերից: Թուրքիայի պես տարածաշրջանային և համաշխարհային խաղացողին որպես ընդդիմադիր ներկայացնել մի պետության (նկատի ունի Հունաստանին), որն ունակ չէ անգամ սեփական զարգացման մեջ ներդրում ունենալ, ծիծաղելի է: Անկարայի հակառակորդներին չի հաջողվելու կանգնեցնել Թուրքիայի աճը»,-հայտարարել է Էրդողանը: