Երեկ ուշ երեկոյան Մինսկի կենտրոնում հարյուրավոր կանայք խաղաղ բողոքի ցույց անցկացրեցին: Անվտանգության ուժերը բերման էին ենթարկել տասնյակ ուսանողների, որ հավաքվել էին՝ հետևելով ուսումնական տարվա առաջին օրը դասադուլ հայտարարելու ընդդիմության կոչին: Անկախության պողոտայի մոտ երգում և պարում էին, ոստիկանությունը հետևում, բայց չէր միջամտում:
Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության դեմ 3 շաբաթ շարունակվող բողոքի ցույցերում կանայք առաջատար դեր ունեն, հաճախ շղթա կազմելով նրանք փորձում են պաշտպանել տղամարդկանց ձերբակալությունից: Երեկ Մինսկում ուսանողական երթի ընթացքում 50 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնի բելառուս մարզիկները կոչ են արել իրենց գործընկերներին միավորվել և աջակցել բողոքի ցույցերին:
ՄԱԿ-ի տվյալներով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում 6 մարդ է անհետ կորել: Կազմակերպության փորձագետները նշում են ձերբակալվածների խոշտանգումների և վատ վերաբերմունքի 450 փաստված դեպքի մասին: ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին:
ԱՄՆ-ը Ռուսաստանին նախազգուշացնում է, որ Բելառուսի իրադարձություններին միջամտելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի՝ հայտնում է Reuters-ը վկայակոչելով Պետքարտուղարության անանուն բարձրաստիճան պաշտոնյայի: