ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Նախկին նախագահը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Ցանկացած հարաբերություն ջանքեր է պահանջում: Հարաբերությունները պահանջում են ժամանակի, էներգիայի, որոշակի հույզերի ներդրում: Ինչու եմ սա ասում: Այս հարաբերությունները մաս են դառնում մեր գրականության, մշակույթի, այդ իսկ պատճառով դրանք երկարատև են դառնում: Միջպետական հարաբերություններում այդ բաղկացուցիչը ներթափանցում է մշակութային հարթակ, որը մարդիկ թողնում են իրենցից հետո, այդ իսկ պատճառով այստեղ իներցիան մեծ է: Բայց դա չի նշանակում, որ պետք չէ այդ ուղղությամբ աշխատել: Այլապես մեկ-երկու սերունդ կանցնի, և պարզ կդառնա, որ ինչ կար, մնացել է մշակութային այդ հարթակներում»,-ասել է նախկին նախագահը:
Քոչարյանն անհանգստություն է հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակից: ««Ժողովուրդների բարեկամություն» կարգախոսը շատ գեղեցիկ է, բայց այն դատարկ է: Պետք է ջանքեր ներդնել: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ինձ անհանգստացնում է, քանի որ այստեղ լրիվ հակառակն է տեղի ունենում` Հայաստանի «սորոսիզացիա»՝ դա իմ տերմինն է: Ես փաստացի տեսնում եմ, թե այստեղ ինչ է կատարվում: Դա երիտասարդության շրջանում այնպիսի արժեքների ներմուծումն է, որոնք հանում են մեր միջից ինքնության հիմքը: Վերաբերմունքը հավատքին, ընտանիքին... Մի շարք այլ բաներ, դաշնակիցների հավերժ լինել, չլինել... Եթե դա ժամանակին արվում էր մարգինալ ՀԿ-ների մակարդակով, այսօր այդ ամբողջ կազմը մտել է իշխանություն»,-նշել է Քոչարյանը:
Լրագրողի հակադարձմանը, որ ՀԿ-ները եղել են նաև Ռ. Քոչարյանի իշխանության օրոք, նախկին նախագահը պատասխանել է. «Ես ինքս անգամ չգիտեի, որ Հայաստանում Սորոսի գրասենյակ կա: Նրանք, կարծեմ, գրասենյակ էլ չունեին: Նրանք քաղաքական մարգինալ կազմակերպություն էին, որոնք չէին ազդում ոչ մի գործընթացի վրա: Ես զարմացել էի, թե ինչպես են նրանք վերջին տարիներին այդքան ամրապնդվել: Այդ իսկ պատճառով հայ-ռուսական հարաբերությունները կոռոզիայի են ենթարկվում: Պետք է աշխատել, որպեսզի չկորցնենք այն, ինչ ձեռք ենք բերել դարերի ընթացքում»: