ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցում անդրադարձավ Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին, որ բողոքում են այս փուլում կիրառվող սահմանափակումներից։
«Ես ցանկանում եմ հղում կատարել Ռուսաստանի կաավարության՝ մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ: Դրանք են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները, Ռուսաստանում մշտական կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- պարզաբանեց Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքներ տանել՝ ՌԴ-ՀՀ կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, ՌԴ՝ ՀՀ քաղաքացիների արգելքի չեղարկման ուղղությամբ։ «Այս պահին որևէ ժամկետներ չեմ կարող հայտնել»,- ասաց նա։
ՀՀ քաղաքացիները կարող են Չինաստան մեկնել, եթե ունեն երեք օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։ Թեստը պետք է արվի Չինաստանի դեսպանության կողմից նշված բուժհաստատություններում։ Նաև ՀՀ քաղաքացիները պետք է իրենց հետ ունենան Չինաստանի դեսպանատան կողմից տրված առողջական կարգավիճակի մասին հայտագիր։ Անդրադառնալով ելքի ու մուտքի ընդհանուր սահմանափակումներին՝ Աննա Նաղդալյանն ասաց․ «ՀՀ կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով մեր քաղաքացիների ելքի և օտարերկրացիների մուտքի արգելքը։ Այն է՝ մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի ու մուտքի արգելքներ այս պահին չեն գործում։ Իսկ ՀՀ տարածքից մեկնելու պարագայում սահմանափակումներն արդեն կախված են տվյալ երկրում կորոնավիրոսի հետևանքով ներդրված սահմանափակումներից կամ տվյալ անձի կարգավիճակի։ Այդ պայմանները բավական հաճախ փոփոխվում են, անընդհատ թարմացվում»,- ասաց Նաղդալյանը։
Տարբեր երկրներում օտարերկրացիների մուտքն արգելող սահմանափակումների կիրառումը, նրա խոսքով, պետությունները չեն դիտարկում՝ ելնելով փոխադարձության սկզբունքից կամ երկկողմ հարաբերություններից։ Դրանք բացառապես պայմանավորված են երկրի ազգային առողջապահական համակարգի կարողություններով և ծանրաբեռնվածությամբ, կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ։