Pism.pl/ կայքում, որը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի պաշտոնական կայքն է, հրապարակվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գրքի էլեկտրոնային տարբերակը, որը պատմում է 2018-ին մեր երկրում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին։ «Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա» գրքում հեղինակը նկարագրում է Հայաստանում պետության հետխորհրդային մոդելի ձևավորման մեխանիզմները և սոցիալական դժգոհության աճի գործընթացը:
Նա մանրամասն ներկայացնում է հեղափոխական իրադարձությունների ընթացքը՝ Երեւանում տեղակայված արևմտյան դիվանագետի աչքերով: Պյոտր Սվիտալսկին նշում է երկրի բարեփոխման գործում նոր քաղաքական թիմի հաջողությունները, այն դժվարությունները, որոնք կապված են հին տնտեսական և քաղաքական կառույցների դիմադրության հետ: Գրքում նախկին դեսպանը վերլուծում է Հայաստանում բարեփոխումների գործընթացի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը և դրա հնարավոր կարգավորումը: Սվիտալսկին ներկայացնում է առաջարկություններ և դիտարկումներ՝ կապված ԵՄ քաղաքականության և տարածաշրջանում Լեհաստանի, մասնավորապես` Հայաստանի հետ գործունեության հետ կապված: