Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են տեխնիկական բանակցություններ վարել Միջերկրական ծովի արևելքում հակամարտության լարվածությունը նվազեցնելու համար՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Հունաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ իմ բանակցություններից հետո երկու դաշնակիցները պայմանավորվեցին տեխնիկական բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի հետ` հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ ստեղծելու նպատակով`Միջերկրական ծովի արևելքում միջադեպերի և վթարների ռիսկը նվազեցնելու համար», – ասել է Ստոլտենբերգը: Նա ընդգծել է, որ Հունաստանը և Թուրքիան արժեքավոր դաշնակիցներ են, և ՆԱՏՕ-ն ընդհանուր անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերի շուրջ խորհրդատվության կարևոր հարթակ է: «Ես շարունակում եմ սերտ կապի մեջ լինել բոլոր շահագրգիռ դաշնակիցների հետ, որպեսզի ՆԱՏՕ-ի համերաշխության ոգով լուծում գտնեմ լարվածության համար», – նշել է գլխավոր քարտուղարը: