Սեպտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայի համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացմանը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձեւաչափով հանդիպում առաջինն է եւ վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդման ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով:
Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում փաստաթղթեր: ՌԴ ՊՆ մասնագետները ՊՆ նածարարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման եւ փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաեւ մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ գլխավոր տաճար եւ «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր:
Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի տվյալները: «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում եւ լուսանկար: