Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հիստերիայի մեջ։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է Daily Sabah-ը։ «Ո՞վ է հրահրում Հունաստանին Թուրքիայի դեմ։ Ֆրանսիան։ Բայց նա այլ օրակարգ ունի։ Երբ Սիրիայում ահաբեկչական պետություն ստեղծելու նրա ծրագրերը ձախողվեցին, նա հանդուգն դիրքորոշում ընդունեց (Թուրքիայի հանդեպ)։ Ես պետք է թույլտվությո՞ւն խնդրեմ Ֆրանսիայից, երբ ահաբեկչության դեմ պատերազմ եմ մղում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները կտրուկ վատացել են Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների ֆոնին, Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական վեճի պատճառով։ Անկարան մեղադրում է Ֆրանսիային Լիբիայի ազգային բանակի առաջնորդ Խալիֆա Հաֆթարին աջակցելու համար, որը հանդես է գալիս Թուրքիայի կողմից վերահսկվող Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության դեմ: «Լիբիայում ֆրանսիացիները աջակցեցին Հաֆթարին, որը լուրջ սխալ էր նրանց կողմից», – հայտարարել է Չավուշօղլուն։
Ըստ Չավուշօղլուի՝ Ֆրանսիան ամենից շատն է Հունաստանին սադրում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։ Նա Փարիզին կոչ է արել Անկարայի հետ համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու համար:
Ոչ Մակրոնը, ոչ Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեռ չեն արձագանքել Չավուշօղլուի հայտարարություններին։