«Հրապարակը» գրում է, որ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանալով նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի ծննդյան արարողության մասին, ոստիկանությանը հրահանգել է արտակարգ իրավիճակի կանոնների պահպանումը ստուգել: Սարոյանը ծննդյան 52-ամյակը նշելիս է եղել Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղի պապական տանը:
«Նիկոլ Փաշինյանը, որ այս օրերին արձակուրդում է, անհայտ աղբյուրներից իմացել է այդ մասին եւ ուղեւորվել Արծվանիստի եկեղեցի։ Իբր պատահաբար ճանապարհին ավտոմեքենաներ տեսնելով եւ լսելով քեֆ-ուրախության ձայներ՝ ահազանգել է մարզի ոստիկանապետին, նա շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։ Ծննդյան միջոցառումը դադարեցվել է, ոստիկանները սկսել են ստուգել՝ խնջույքի մասնակիցները պահպանե՞լ են պարետի սահմանած կանոնները՝ հեռավորություն, քանակ եւ այլն։ «Դեպքի վայրում» հավաքվել է Արծվանիստի ողջ բնակչությունը», գրում է թերթը: Նրանցից մեկը Հրապարակին հայտնել է, թե հյուրերի թիվը չի անցել 50-ը։ Ներկա է եղել նաեւ եկեղեցու սպասավորը։ «Մեզ ասացին, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ Վեհափառին հորդորել՝ կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։ Արարողոււթյանը մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, գեներալի ազգական Սարոն», գրում է Հրապարակն ու ավելացնում, որ ոստիկանների այցից հետո Սարոյանի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել են, եւ նա գնացել է տուն: Նրա օգնական Գեւորգ Ստեփանյանը ասել է, որ ինքը՝ որպես Սարոյանների ընտանիքի բարեկամ, նույնպես մասնակցել է արարողությանը, որ այն Սարոյանի համար էլ է անակնկալ եղել՝ կազմակերպել են հորաքույրներն ու մորաքույրները։ Սարոյանը խնջույքին մասնակցել է մի քանի ժամ, քանի որ առողջական խնդիրները կրկին սրվել են: «Ինչ վերաբերում է արձանագրություններին, կարծեմ, 4 կամ 5 արձանագրություն է կազմվել, որովհետեւ հյուրերն իսկապես շատ չեն եղել»։