Բելառուսի հեռուստատեսությունը հրապարակել է Բեռլին-Վարշավա հեռախոսազրույցը, որն իբր որսացել էին Բելառուսի հետախուզական ծառայությունները, ինչպես ազդարարել էր նախագահ Լուկաշենկոն: Ըստ նրա, հեռախոսազրույցը վկայում է, որ ռուսաստանցի ընդդիմադիր Նավալնիի թունավորման մասին Գերմանիայի կանցլեր Մերկելի հայտարարությունը կեղծիք է: Բելառուսի հեռուստատեսությունը հրապարակել է հեռախոսազրույցը, որտեղ երկու տղամարդ խոսում են Բելառուսի իրավիճակի, Պուտինի, Նավալնու մասին: Որքանով է հավաստի ձայնագրությունը, պարզ չէ: Խոսակցությունն ընթանում է պայմանական Նիկի եւ Մայքի միջեւ: Ենթադրաբար Նիկը գերմանական կողմից է խոսում, Մայքը՝ լեհական: Պայմանական Նիկը լեհ գործընկերոջը հայտնում է, որ Նավալնու վերաբերյալ նյութերը փոխանցվել են Գերմանիայի կանցլերի աշխատակազմ: Լեհ գործընկերոջ հարցին, թե հաստատ է թունավորման տեղեկությունը, ենթադրաբար գերմանացի գործընկերը ասում է, որ դա այդքան էլ կարեւոր չէ: «Ընթանում է պատերազմ, իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդներն ընդունելի են»: Ենթադրաբար լեհ պաշտոնյան համաձայնում է, նշելով, որ պետք է անել այնպես, որ Պուտինը չունենա Բելառուսի գործերին «քիթ խոթելու» ցանկություն: Ըստ նրա, դրա լավագույն միջոցը նրան ռուսական խնդիրներով ծանրաբեռնելն է, հատկապես ռեգիոնալ ընտրություններին ընդառաջ: Հետո խոսակցությունը ընթանում է բելառուսական վիճակի շուրջ, նրանք խոսում են, որ Լուկաշենկոն «պինդ ընկույզ» է: Պայմանական Մայքը հայտնում է, որ ուժայինները հավատարիմ են նրան: «Դեռ աշխատում ենք, մնացածը հանդիպման ժաանակ, ոչ հեռախոսով», ասում է նա եւ հրաժեշտ են տալիս միմյանց: Բելառուսը հեռախոսազրույցի նյութը տրամադրել է ռուսական կողմին: