«Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։ Կին կուսակցականներին անդամատոմս է հանձնել անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։ Արթուր Վանեցյանը նշել է որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չենք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու», - ասել է Վանեցյանը։ Հենց «Հայրենիք» անունն է սիրիահայ Ռազմիկ Տեր-Դավթյանին «Հայրենիք» կուսակցություն բերել։ Ասում է՝ հայրենիքի շահը «Հայրենիք» կուսակցությունում է գտել, դրա համար էլ կուսակցականի անդամատոմսը բաց ճակատով է վերցնում։ «Նախքան որոշում կայացնելը կուսակցության ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, զրուցել, ծանոթացել ծրագրերին ու գաղափարներին։ Իմ համոզմամբ՝ «Հայրենիք»-ում լրջություն ու պատասխանատվություն կա», - ասել է Ռազմիկը։ Տղամարդիկ կուսակցության անդամատոմսերը խորհրդի անդամ Արա Սահակյանից են ստացել։ Սահակյանը նշել է, որ ներկաներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել են, զրուցել, ներկայացրել կուսակցության գաղափարական հենքն ու ծրագրային ուղղությունները, հետևաբար յուրաքանչյուրի որոշումը հիմնավորված է ու գիտակցված: