Ռուսաստանը ռիսկի է դիմում նոր սառը պատերազմ սկսել, եթե փորձի ուժը ցուցադրել իր սահմաններից դուրս՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա նշել է, որ վերջին շրջանում Մոսկվայի պահվածքը և «ազդեցության ընդլայնման փորձը պահանջում են ՆԱՏՕ-ի արձագանքը»:
Գլխավոր քարտուղարի խոսքերը հնչել են դաշինքի նիստից մի քանի օր հետո: Նիստում քննարկվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» հարցը: «Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ», մենք չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է համոզվենք, որ հարմարվում ենք, քանի որ աշխարհը փոխվում է»,-հայտարարել է Ստոլտենբերգը: Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Մոսկվայի ագրեսիվ գործողությունները հարևանների նկատմամբ` «ազդեցության գոտին» ընդլայնելու նպատակով ՆԱՏՕ-ի անհանգստության կենտրոնում են:
«Մենք դա տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, և դա պահանջում է ՆԱՏՕ-ի արձագանքը»,-ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է նաև, որ Պուտինը պետք է «շատ լուրջ հարցերի պատասխանի», երբ պարզվել է, որ նրա քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են: