Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել՝ գրում է ermenihaber.am-ը։ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841-ին Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ է անցել։ Երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011-ի Վանի երկրաշարժից։ «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետևանքով լճի մակարդակը 2 մետրով նվազել է և տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։ Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։