Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված ներկա համավարակը վերջինը չէ, աշխարհը պետք է ժամանակին պատրաստվի նոր համավարակին՝ Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը սովորեցնում է մեզ, որ հիվանդությունների և համավարակների բռնկումները, ըստ էության, կյանքի մի մասն են: Երբ գա հաջորդ համավարակը, աշխարհը պետք է ավելի պատրաստված լինի, քան այս անգամ»,- արձանագրել է ԱՀԿ ղեկավարը: Նրա խոսքով՝ «Քովիդ-19»-ի համավարակը «բազմաթիվ դասեր է տալիս բոլորին»: «Դրանցից մեկն այն է, որ առողջությունը շքեղության պարագա չէ նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, այլ անհրաժեշտություն է և մարդկային իրավունք»,- ընդգծել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ առողջապահության համակարգը «հասարակական, տնտեսական և քաղաքական կայունության հիմքն է»: