«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։
«Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։ Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015-ի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը», - հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
«Հրամանը երեկ է եղել, ինձ այսօր են ասել։ Ազատել են հարկեր չվճարելու համար: Այն հարկերը, որոնք բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել, հետո կառավարությունը պահուստային ֆոնդից վճարել է։ Հիմա ես ինչ անեմ, հրամանը կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը։
Թեև կառավարությունը պահուստային ֆոնդից վճարել է այդ հարկերը, այդուհանդերձ, դա են հիմք ընդունել և միակողմանի լուծարել Վիրաբյանի պայմանագիրը։ «Դա եղել է ԱԱՀ, օրենքն ընդունվել է 2016-ին, բայց բյուջեն այդ գումարը չի նախատեսել, նախատեսել էր 2019-ից։ 2016-2018 թվականների համար հարկային մարմինը ստուգում է իրականացրել, ակտ է կազմել, դիմել ենք կառավարություն, պահուստային ֆոնդից տրամադրել են այդ գումարը և մենք վճարել ենք, այնպես, ինչպես բոլոր ՊՈԱԿ-ները», - ներկայացրեց Ամատունի Վիրաբյանը։ Արխիվի տնօրենը պատրաստվում է օրենքով նախատեսված բոլոր գործողություններն իրականացնել ապօրինի որոշման դեմ. «Կբողոքարկեմ դատարանում։ Դա հիմք չէր, այդ դեպքում բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին պետք է ազատեն աշխատանքից»։ Վիրաբյանն ասաց նաև, թե 2001 թվականից պաշտոնավարում է և ընդամենը երկու ամսից լրանալու էր իր պայմանագրի ժամկետը: «Ամբողջ խնդիրն այն է, որ պայմանագրի ավարտին մնում էր երկու ամիս, ես խնդրեցի, որ սպասեն մինչև լրանա, բայց իրենք շտապում են, ինչու՝ չգիտեմ», - ասաց Ամատունի Վիրաբյանը։