Քանի որ դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման, դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ բավականաչափ ծավալուն քննություն կատարվեց, ամեն դեպքում դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր են ներկայացվել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության դռնփակ ռեժիմով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համար նիստը հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 13:00-ին: Փաստաբանը վերահաստատեց իր միտքը, թե այս դատական նիստերի մասով չի կարող լինել տուժող. «Կամ պետք է լինի ՀՀ Սահմանադրությունը՝ որպես փաստաթուղթ, կամ 3 մլն բնակչությունը: Երկուսն էլ աբսուրդ են»,-նշեց նա: