«Փաստը» գրում է.
«ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ Հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնելու է սեպտեմբերին։ Այս տեղեկությունը երեկ հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ այս ամիս անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ:
«Փաստի» տեղեկություններով` իշխանությունները ցանկություն ունեն հասցնել և եզրակացությունը քննարկել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի ժամանակ։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ` քննարկումը «թույլատրելի» հատվածների շրջանակում նախատեսվում է մյուս հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, եթե, իհարկե «տեխնիկական խնդիրներ» չառաջանան»: