ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի ալբանական իշխանությունների երկխոսությունը 10 տարի անց հաջող ավարտելու ժամանակն է՝ հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը: Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր փուլը, որին մասնակցել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին: Ավելի վաղ Սերբիայի պատվիրակությունը Վուչիչի գլխավորությամբ երկօրյա այց էր կատարել ԱՄՆ, որտեղ բանակցություններ էր վարել Հոթիի հետ, որից հետո կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տնտեսական համագործակցության համաձայնագիր էին ստորագրել: «Սեպտեմբերի 9-ին 10 տարի է լրանում այն օրվանից, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունեց ԵՄ՝ Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության գործընթացին նպաստելու պատրաստակամությունը: Հիմա այն հաջող ավարտին հասցնելու ժամանակն է»,-հայտարարել է Լայչակը:
Երկուշաբթի օրը նա հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է սեպտեմբերին ևս մեկ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի հետ: Բրյուսելը բազմիցս նշել է, որ բանակցությունները պետք է ավարտվեն հարաբերությունների համապարփակ կարգավորման վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի ստորագրմամբ: