«Ժողովուրդը» գրում է.
«Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու 99.574 որոշումներ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, և քանիսն են վճարել տուգանքը։ Ոստիկանության ներկայացված պատասխանում ասվում է. «ՀՀ կառավարության մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Դիմակ չկրելու համար) կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: ՀՀ պետական բյուջե, որպես տուգանք, վճարվել է 12.100.000 դրամ»: Իսկ հիմա մի փոքր հաշվարկ կատարենք. դիմակ չկրելու տուգանքը 10 000 դրամ է, այսինքն՝ տուգանքը վճարել է 1210 քաղաքացի, այնինչ կայացվել է 99.574 որոշում, և դեռ է 98 364 քաղաքացի պարտավոր է վճարել 10 000 դրամ տուգանք: Ու եթե բոլորը վճարած լինեին իրենց տուգանքները, այդ գումարը կկազմեր 995 740 000 դրամ: Օգոստոսի 19-ին հրապարակված տվյալների համաձայն՝ կայացվել էր 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ստացվում է՝ մոտ 10 օրում վարչական տույժերի թիվը շեշտակի աճել է: Ու թեև վարչական տույժերի թիվն ավելանում է, սակայն քաղաքացիները չեն շտապում և չեն ցանկանում վճարել տուգանքները»: