Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արևելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից՝ սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում, որ նվիրված էր Թուրքիայի հետ հարաբերություններին։
Վարվիցիոտիսն ընդգծել է, որ «Եվրամիությունը պետք է անհապաղ սկսի (Արևելյան Միջերկրականի) տարածաշրջանում խաղալ իրեն վայել դերը, երբ սպառնալիքի տակ են գտնվում եվրոպական ինքնիշխանությունը և նրա ռազմավարական ինքնավարությունը»: «(Թուրքիայի կողմից) Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Եվ դա պետք է անեն նրանք, ովքեր լարվածություն են առաջացնում: Բոլոր թուրքական նավերը, ներառյալ ռազմանավերը, պետք է անհապաղ դուրս բերվեն՝ հաշվի առնելով, որ դրանց ներկայությունը սուվերեն իրավունքների խախտում է, ինչը պետք է անմիջապես դադարեցվի»,- ասել է Վարվիցիոտիսը:
Հունաստանը չի ճանաչում 2019-ի նոյեմբերին Անկարայի կողմից Տրիպոլիում բազավորված կառավարության հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանագծման շուրջ: Հունաստանն այս ամռանը ծովային գոտիների սահմանագծման համաձայնագրեր է կնքել Իտալիայի և Եգիպտոսի հետ: Անկարան հայտարարել է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ սեյսմիկ հետազոտության համար ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանածաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք: Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները։